«Ֆեյք գյուղապետ»․ ինչպես են անցել Մկոյի, Միհրանի և Արփիի մասնակցությամբ նոր սիթքոմի նկարահանումները և ինչ է սպասվում
LIFE«Ֆեյք մամա», «Ֆեյք պապա», հիմա էլ «Ֆեյք գյուղապետ»․ Մկրտիչ Արզումանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը և երեխաները՝ Գագիկ Օհանյանը, Հայկուհի Ղուլյանն ու Սերժ Առաքելյանը վերադառնում են եթեր նոր իրավիճակում։
Tert.am Life-ը ներկայացնում է նախագծի բեքսթեյջն ու մանրամասները։
«Կրկին փորձում ենք այնպես անել, որպեսզի կերպարները նոր շունչ ստանան, նոր գծեր ունենան, զարգանան, որպեսզի երկարակյաց լինեն։ Այդ գերխնդիրը դրվում է բոլորիս առաջ։ Հաճախ սցենարիստների հետ համատեղ աշխատանք ենք տանում, ինչն ավելի արդյունավետ է,– ասաց Մկրտիչ Արզումանյանը, որի հերոսը՝ Վրեժը, հիմա էլ ընտանիքի հետ դրսում է հայտնվել։ —Կարծում եմ՝ շատ հետաքրքիր եթերաշրջան կլինի, հնարավոր է՝ է՛լ ավելի հետաքրքիր, քանի որ բոլորիս հետաքրքրող հարցեր ու թեմաներ են։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապահովենք մարդկանց ծիծաղը, որը բոլորիս անհրաժեշտ է»։
Դերասանի որդին՝ Ալեքսանդր Արզումանյանը, այս եթերաշրջանում ևս միացել է թիմին։ Դերասանական կազմին է միացել նաև Աղասի Հունանյանը։
Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հերոսները՝ Թոմն ու Թերեզան կրկին հարստացել են և վերադարձել իրենց լավ կյանքին; Միհրան Ծառուկյանի կարծիքով շատ հետաքրքիր զարգացումներ են լինելու։ Զույգը շահավետ առաջարկ է ստանում, որը կյանքի կոչելու համար կարիք ունեն ֆեյք գյուղապետի։ Այստեղից էլ սկսվում է նոր պատմությունը։
Արփի Գաբրիելյանը ևս ոգևորությամբ է անցել աշխատանքի։ «Առաջին եթերաշրջանի առաջին 2 սերիայում էր Թերեզան Թերեզա։ Հետո գնաց գյուղ, փոխվեցին իր կյանքի հանգամանքները, պայմանները, բայց չփոխվեց Թերեզան; Այս եթերաշրջանում այն առաջին սերիայի Թերեզան է լինելու, ինչն ինձ համար շատ հետաքրքիր է, որովհետև շատ սիրով եմ խաղացել իր կերպարը։ Հետաքրքիր բնութագիր ունեցող կերպար է»,– ասաց Արփին ու հավելեց, որ իրենք մեծ հետաքրքրությամբ են կարդում սցենարը և խաղում։