«Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ». Էրդողանը նոր մանրամասներ է հայտնել Հռոմից վերադառնալիս
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայացրել է գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները և պատասխանել լրագրողների հարցերին:
Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին՝ Էրդողանը նշել է, որ քննարկել են մի քանի հարց, այդ թվում և Հարավային Կովկասի հարցը: Նա Մակրոնին հայտնել է, որ Հարավային Կովկասում հիմա դրական քայլեր են կատարվում, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վճռական է տրամադրված՝ շարունակելու այդ դրական քայլերը։
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, թե իբր Ալիևը Փաշինյանի հետ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում օրակարգ է բերվել տարածաշրջանում 6-ի հարթակ ստեղծելու հարցը:
«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և նրանց կողքին նաև Հայաստանը, եթե բոլորը ընդունեն, ապա իսկապես ստեղծած կլինենք խաղաղության մի հարթակ»,-եզրափակել է Էրդողանը: