Ռուսաստանը պարզեցնում է Վրաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
INTERNATIONAL NEWSԴեկտեմբերի 23-ից Ռուսաստանը Վրաստանի բնակիչների համար կթեթեւացնի վիզաների ստացումը: Այդ մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են գերատեսչությունում, ռուսական կողմը տրամադրված է հետագայում եւս քայլեր ձեռնարկել երկու երկրի քաղաքացիների շփման պայմանների պարզեցման ուղղությամբ` չբացառելով փոխադարձության հիման վրա առանց վիզայի ռեժիմի հաստատումը:
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ երկրների միջեւ դրական հարաբերությունների խթանման նպատակով «2015-ի դեկտեմբերի 23-ից սկսած` Վրաստանի քաղաքացիների համար կձեւակերպվեն ցանկացած անգամյա գործնական, աշխատանքային, ուսումնական եւ հումանիտար վիզաներ, ինչպես նաեւ ընդունված կարգով Ռուսաստանի ԴՄԾ-ի մարմինների կողմից տրվող մասնավոր վիզաներ, անկախ հրավիրողի եւ հրավիրվածի միջեւ ազգակցական կապի առկայությունից»:
Ներկայումս ռուսաստանցիները կարող են ազատ այցելել Վրաստան, սակայն Վրաստանի քաղաքացիները պիտի Ռուսաստան այցելության թույլտվություն ստանան: Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու պատրաստակամության մասին դեկտեմբերի 17-ի ամենամյա մեծ մամուլի ասուլիսին հայտնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:



