Ֆրանսիայի վարչապետը չի բացառել երկրում նոր ահաբեկչության հնարավորությունը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի վարչապետ Մանուել Վալսը չի բացառել, որ իսլամիստները երկրում կարող են նոր ահաբեկչություններ իրականացնել։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին նա հայտարարել է Փարիզի Օրլի օդանավակայանում՝ Կոլումբիայից շտապ վերադառնալուց հետո:
«Ահաբեկչությունները Ֆրանսիայում, ինչպես նաև Թունիսում կարող են կրկնվել: Հարցն այն չէ, թե դա տեղի կունենա կամ ոչ, այլ այն, թե դա երբ տեղի կունենա»,-ասել է Վալսը։
Նա խոստովանել է, որ տեղի ունեցածը լուրջ փորձություն է ֆրանսիական հասարակության համար, սակայն պաշտոնյան հանդարտության կոչ է արել։
«Հասարակության համար դժվար կլինի երկար տարիներ ապրել ահաբեկչության սպառնալիքի պայմաններում»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ երեկ իսլամիստների կողմից կազմակերպված ահաբեկչությունը լարվածություն է ստեղծել հասարակության մեջ:
Նրա համոզմամբ՝ գլխատմամբ ուղեկցված ահաբեկչությունն ու դիակն իսլամիստական կարգախոսներով դրոշի մոտ տեղադրելը նպատակաուղղված է եղել մարդկանց շոկի ենթարկելուն։
Ֆրանսիայի վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը փորձելու է արժանի պատասխան տալ ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացվել է ուրբաթ առավոտյան ֆրանսիական Սեն-Կանտեն-Ֆալավյե քաղաքում՝ գազի բալոնների պահեստում։ Պայթյունից հետո դեպքի վայրում հայտնաբերվել էր գլխատված տղամարդու դի և իսլամիստական դրոշներ։



