ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մեկամյա գործունեության ընթացքում ապահովել են 200 ավտոշարասյան կազմում ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես հաղորդվում է, շինանյութ և պարենային ապրանքներ տեղափոխող բեռնատարները երթևեկում են Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ ուղղություններով:
Ավելի քան 40 բեռնատարից կազմված շարասյուների երթևեկությունը կազմակերպվում է բարձրլեռնային տեղանքի դժվարանցանելի հատվածներով անցնող գրունտային ճանապարհներով:
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում 5 դիտակետ կա, նրանք ապահովում են ավտոմեքենաների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առաջին տարվա ընթացքում ռազմական ոստիկանության ավելի քան 600 անձնակազմ է ներգրավվել ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժն ապահովելու գործում», - ասել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լևիկինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։