Կաթվածահար ճանապարհներ, հազարավոր տարհանված բնակիչներ և մեկ զոհ. Կանադայի նահանգներից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել
INTERNATIONAL NEWSԿանադայի արևմտյան հատվածում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել մոլեգնող փոթորիկի պատճառով, որի հետևանքներն են ճանապարհների և երկաթուղու աշխատանքի խափանումը:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Կանադայի Զինված ուժերը ներգրավվել են տարերային աղետի հետևանքով արգելափակման մեջ հայտնված հազարավոր բնակիչների օգնելու գործին: Փոթորիկը նահանգին հարվածել է կիրակի, որից հետո մի շարք շրջաններ կաթվածահար են եղել:
Երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ զինվորականները կաջակցեն վերականգնողական աշխատանքներին:
Տարերային աղետի հետևանքով մեկ կին է մահացել սողանքների ժամանակ, երկու մարդ անհետ կորած է համարվում:
Հազարավոր բնակիչներ տարհանվել են «մթնոլորտային գետ» կոչվող երևույթի ի հայտ գալուց հետո: Խոսքը օդում հավաքվող խոնավության շերտի մասին է, որն արևադարձային շրջաններից ջուրը տեղափոխում է դեպի բևեռներ:
Նահանգի ղեկավարությունը եղանակային պայմանների հետևանքները վերագրում է կլիմայական փոփոխություններին: