Էրդողանը հանդիպել է Կենտրոնական բանկի ղեկավարի հետ՝ լիրայի աննախադեպ անկման պայմաններում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Կենտրոնական բանկի ղեկավար Սահապ Քավջիօղլուի հետ՝ լիրայի աննախադեպ անկման ֆոնին։
Թուրքական լիրան իջել է ռեկորդային նվազագույնի այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «անկախության տնտեսական պատերազմ» է մղում, եւ խոստացել է տոկոսադրույքները ինֆլյացիայից ցածր մակարդակի վրա պահել:
Հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լիրան օրվա սկզբին իջել է ավելի քան 15 տոկոսով՝ Ստամբուլում տեղական ժամանակով ժամը 16:55-ի դրությամբ սակարկվելով 8,8 տոկոսով ցածր՝ մեկ դոլարի դիմաց 12 5023 փոխարժեքով, հաղորդում է Bloomberg-ը:
Այս տարի լիրան դոլարի նկատմամբ նվազել է ավելի քան 40 տոկոսով, իսկ երեքշաբթի օրը՝ եւս 15 տոկոսով:
Էրդողանը, ով անսովոր տեսակետ ունի եւ կարծում է, որ առավել բարձր տոկոսադրույքները ինֆլյացիոն են, նախօրեին հայտարարել է, թե ինքը «գոհ է», որ կենտրոնական բանկը երրորդ ամիսն անընդմեջ նվազեցնում է տոկոսադրույքները՝ չնայած տնտեսագետների զգուշացումներին, որ դա կարող է ինֆլյացիայի աճի հանգեցնել:
Երկրում ինֆլյացիան արագացել է՝ հասնելով մոտ 20 տոկոսի։
«Մենք տեսնում ենք նրանց խաղը, ովքեր զբաղվում են արժույթներով, շահերով եւ գների բարձրացմամբ… եւ մենք ցույց ենք տալիս մեր կամքը՝ իրականացնելու մեր սեփական խաղային ծրագիրը»,- ասել է Էրդողանը: «Մենք հաղթանակած դուրս կգանք տնտեսական անկախության այս պատերազմից՝ Ալլահի եւ մեր ժողովրդի օգնությամբ»: