Սաակաշվիլիին տեղափոխել են դատարան՝ «Պիջակների գործով» դատալսումներին մասնակցելու համար. նրա կողմնակիցները բողոքի ակցիայի են հավաքվում դատարանի մոտ
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գորիի ռազմական հոսպիտալից տեղափոխել են Թբիլիսիի քաղաքային դատարան: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ քրեակատարողական ծառայության հատուկ շարասյունը պատկերող կադրեր են ցուցադրվել մի քանի հեռուստաալիքով:
Այսօր հերթական դատական գործընթացն է տեղի ունենալու «պիջակների գործով», որով Սաակաշվիլին մեղադրվում է պետական միջոցները մսխելու համար: Դատալսումներն անցնելու են բողոքի ակցիային զուգահեռ, որը կազմակերպում է երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը` «Միասնական ազգային շարժումը»:
Սաակաշվիլիի կողմնակիցները սկսել են հավաքվել դատարանի շենքի մոտ: Տեղում մեծ էկրան է տեղակայվում, որով հեռարձակվելու է երկրի երրորդ նախագահի ելույթը դատարանում:
«Պիջակների գործը» քննվում է արդեն ութ տարի: Ըստ Վրաստանի ՔՕ 182 հոդվածի, որը վերաբերում է բյուջետային միջոցների ծախսմանը, նախատեսվում է 7-11 տարվա ազատազրկում:
Խոսքը 2009-2013 թվականներին 8.8 մլն լարի ծախսելու մասին է: Ինչպես պնդում է դատախազությունը, այդ գումարը Սաակաշվիլին ծախսել է շքեղ հյուրանոցներում և առողջարաններում հանգստի, կոսմետոլոգիական կլինիկաներ այցելության և հագուստի ձեռքբերման վրա:
Բժիշկներն ավելի վաղ հայտնել էին, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը բավարար է, և նա պատրաստ է մասնակցելու դատալսումներին:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որն ավարտել է 50 օր անց: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար: