Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախի Մարտակերտի շրջանում սկսել է գյուղատնտեսական հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները
INTERNATIONAL NEWSՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարտակերտ բնակավայրի տարածքում պայթուցիկ օբյեկտների մաքրման և ականազերծման աշխատանքները, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը սկսել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գյուղատնտեսական հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները։ Այսօր մաքրվել է տարածքի 1,5 հեկտար, ընդհանուր առմամբ նախատեսված է մաքրել 400 հեկտար տարածք, աշխատանքի ընթացքում հայտնաբերվել է 2 պայթուցիկ օբյեկտ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 2322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։