Իրանական եւ չինական խոշոր ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի շուկայով
ECONOMICSԲանակցություններ են տարվում իրանական եւ չինական խոշոր ընկերությունների հետ Հայաստանում արտադրություն հիմնելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը:
«Չինական ընկերությունների հետ բանակցություններում քննարկվում են տարբեր ոլորտներ: Մասնավորապես՝ մեքենաշինություն, սարքաշինություն, էլեկտրատեխնիկա: Համագործակցության ձևաչափը կարող է տարբեր լինել: Օրինակ, քննարկվում է չինական խոշոր ընկերությունների ներդրում կատարելը տեղական գործընկերոջ մասնակցությամբ, օրինակ, շինանյութերի արտադրության ոլորտում: Այդ առաջարկները խոշոր ներդրումներ են պահանջում, հետևաբար, որոշ ժամանակ բանակցությունները կշարունակվեն»,-ասաց Արմեն Եգանյանը:
Վարչության պետի խոսքով, նոյեմբերի սկզբին ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը Իրանում էր: «Կարող ենք ասել, որ իրանական կողմը հետաքրքված է ինչպես իր արտադրանքը Հայաստանով Եվրասիական շուկա արտահանելու, այնպես էլ Հայաստանում արտադրություն հիմնելու հարցում: Հիմնականում նախանշված է քիմիական նյութերի, պլաստիկ իրերի, սննդամթերքի արտադրությունը, բայց սահամանափակում չկա»,-ավելացրեց Արմեն Եգանյանը:
Նախարարության առևտրի և շուկայի կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանն էլ ավելացրեց, որ այս օրերին Հայ-իրանական միջկառավարական հանձանաժողովի նիստն է: Իրանական առևտրա-արդունաբերական պալատի ներկայացուցիչները դիմել են հայկական կողմին՝ Թեհրանում իրանցի գործարարների համար բիզնես հնարավորությունների ներկայացում կազմակերպելու համար: «Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ: Փոխադարձ հետաքրքրություն կա թե իրանական, թե հայկական կողմի մոտ»,-ասաց Գագիկ Քոչարյանը: