Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել Իրանի քաղաքացին
INTERNATIONAL NEWSԴեկտեմբերի 21-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևահում։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 28-ամյա Մոջադա Շ-ն և հայտնել, որ Փարպեցի փողոցում 5 անհայտ անձինք, որոնցից մեկը դանակով է եղել, սպառնալիքով հափշտակել են իր պայուսակը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հախվերդյանի գլխավորությամբ։
Մոջադա Շ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել են գրքեր, իր բջջային հեռախոսը, դրամապանակ, որի մեջ եղել է գումար։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ արարքը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ տուժածը ժամանակավորապես բնակվում է Ամիրյան փողոցում գտնվող «Սև» հոսթելում։