Այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի եղբայրական երկիր. Վալերի Պեկրեսը գրառում է կատարել
INTERNATIONAL NEWSՖրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցելության վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Պեկրեսը գրառմամբ տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյի և Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Միշել Բարնյեի հետ միասին ինքն այցելել է Ֆրանսիայի եղբայրական երկիր՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման և Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացման և հայկական հոգևոր ժառանգության պահպանման հարցերում Ֆրանսիայի աջակցությունը մեծացնելու օգտին:
Ֆրանսիացի քաղաքական գործիչը գրառմանը կից նաև լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից և Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունից:
Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի խորհրդի նախագահն է: 2021 թ. դեկտեմբերի 4-ին Վալերի Պեկրեսը «Հանրապետականներ» կուսակցության կողմից առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ 2022 թ. ապրիլին կայանալիք ընտրություններում: