ՄԱԿ-ի 2016-2017 թվականների բյուջեն հաստատվել է 5,4 մլրդ դոլարի չափով
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 23-ին կեսգիշերից երկու ժամ առաջ համաշխարհային կազմակերպության 2016-2017 թվականների բյուջեն հաստատել է 5,4 մլրդ դոլարի չափով՝ ինչը 400 մլն դոլարով ավելի է, քան 2014-2015 թվականների բյուջեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համապատասխան բանաձեւը կոնսենսուսով ընդունվել է ԳԱ-ի լիագումար նստաշրջանում այն բանից հետո, երբ նախագծին հավանություն է տրվել ֆինանսական հարցերը տնօրինող 5-րդ կոմիտեի նիստում:
Փաստաթղթի համաձայն՝ գումարի առավել մեծ մասը՝ ավելի քան 1,2 մլրդ դոլարը, կօգտագործվի ՄԱԿ-ի քաղաքական հարցերի դեպարտամենտը պահելու համար, որը ղեկավարում է 12 առաքելությունների ու ներկայացուցչությունների աշխատանքը աշխարհի տարբեր մասերում:
Հաստատված բյուջեի մեջ չեն մտնում խաղաղապահ գործողությունների ծախսերը: Ընթացիկ ֆինանսական տարում՝ մինչեւ 2016 թվականի հունիսի 30-ը, այդ նպատակով հատկացված է 8,27 մլրդ դոլար: ՄԱԿ-ում ընդգծում են, որ այդ գումարն ավելի պակաս է, քան ռազմական նպատակներով երկրների ծախսերի (2013 թվականին դրանք կազմել են 1,75 տրիլիոն դոլար) 0,5 տոկոսը:
ՄԱԿ-ի բյուջեն ձեւավորվում է անդամ պետությունների մուծումների հաշվին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



