ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Ղազախստանում իրավիճակը շուտափույթ կկարգավորվի
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ուշի ուշով հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ կայքէջում։
«Կողմ ենք, որ բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով սահմանադրական-իրավական դաշտի շրջանակներում և երկխոսության ճանապարհով, ոչ թե փողոցային անկարգությունների և օրենքների խախտման միջոցով։ Հենց դրան են ուղղված Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի քայլերը»,- ասված է հայտարարության մեջ։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ երկրում իրավիճակը շուտափույթ կկարգավորվի։
«Կապ ենք պահպանում Ղազախստանում ռուսական կառույցների հետ։ Մեր դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների շուրջ իրավիճակը հանգիստ է։ Առկա տեղեկատվության համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում տուժածներ չկան»,- նշվում է հայտարարության մեջ: