Ջոկովիչին սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում
SPORTԱշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը կարող է մինչև 12 ամսով ազատազրկման դատապարտվել Ավստրալիա մուտք գործելիս կեղծ տեղեկություններ տրամադրելու համար, հաղորդում է The Age-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա թենիսիստը Ավստրալիա մտնելիս ասել է, որ ժամանելուց 14 օր առաջ այլ երկրներում չի եղել, սակայն պարզվել է, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Այս ընթացքում նա այցելել է Իսպանիա։
Երկիր մուտք գործելիս կեղծ տեղեկություններ տրամադրելը լուրջ խախտում է, որը կարող է հանգեցնել ազատազրկման։ Սահմանին Ջոկովիչը նաև ասել է, որ ոչ թե ինքն է լրացրել փաստաթղթերը, այլ Tennis Australia֊ն:
Ջոկովիչը վիզայի հետ կապված խնդիրների առաջ է կանգնել սխալ թղթաբանության պատճառով՝ կապված COVID-19-ի դեմ պատվաստման հետ: Թենիսիստին կարող էին արտաքսել, սակայն նրա փաստաբանները դիմել են դաշնային դատարան և դրական արդյունք ստացել։
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը կանցկացվի հունվարի 17-30-ը՝ Մելբուռնում։