Աթենք. Թուրքիան «խեղաթյուրում է իրականությունը», երբ խոսքն իր անցյալի մասին է
INTERNATIONAL NEWSԹուրքիան «խեղաթյուրում է իրականությունը», երբ խոսքն իր անցյալի մասին է։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Անկարայի հիստերիայի՝ կապված Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի՝ Օսմանյան կայսրությունում պոնտացի հույների ցեղասպանության առնչությամբ հայտարարության հետ, փոխանցում է Kathimerini-ն։
«Թուրքական կողմը, ցավոք, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը եւ թաքցնում ոչ միայն անցյալում տեղի ունեցածը, այլեւ իր ներկայիս քաղաքականությունը, որն ամեն օր խախտում է միջազգային իրավունքը՝ լարվածություն ստեղծելով եւ թունավորելով երկու երկրների միջեւ մթնոլորտը»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ ափսոսում է Սաքելարոպուլուի «անհիմն հայտարարությունների» համար․ «Այս պնդումները չեն փոխում այն փաստը, որ հենց Հունաստանն է փորձել ներխուժել եւ գրավել Անատոլիան, եւ որ հունական բանակը բարբարոսական հանցագործություններ է իրականացրել մարդկության դեմ, հատկապես՝ Արեւմտյան Անատոլիայի անմեղ քաղաքացիների նկատմամբ»։
Ավելի վաղ Սաքելարոպուլուն ասել է, որ Անատոլիայում Պոնտոսի հույների ներկայության «ողբերգական ավարտը», «մեթոդական եւ համակարգված ցեղասպանությունը հալածանքներով, ջարդերով, բռնի իսլամացման փորձերով եւ անասելի բարբարոսությամբ, իր նախնիներին ստիպել է լքել իրենց տունն ու բռնել փախստական դառնալու ուղին»։