Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ալիեւի հետ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ֆրանսիայի նախագահի կաբինետի մայրցամաքային Եվրոպայի եւ Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է Trend.az-ը։
«Նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի՝ Եվրամիությունում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահությունը հաջող եւ արդյունավետ կլինի։ Երկրի ղեկավարը գոհունակությամբ է հիշել անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հանդիպումները։
Ֆրանսիայի նախագահի կաբինետի մայրցամաքային Եվրոպայի եւ Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիեւին՝ հունվարի 20-ին ադրբեջանական ժողովրդի վշտի օրը պատվիրակությանը ընդունելու համար։ Նա նշել է, որ այս այցը կատարում է Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ միասին՝ որպես Եվրամիության նախագահ։ Դյումոնն ընդգծել է, որ այցի նպատակը, որպես դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած դրական հանդիպումների շարունակություն, քննարկումների անցկացումն է։
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծել է Եվրոպական միության Արեւելյան գործընկերության VI գագաթաժողովի շրջանակներում Բրյուսելում կայացած հանդիպումների կարեւորությունը, նշել է տարածաշրջան կատարած այցի մեծ նշանակությունը՝ կարեւոր հարցերի քննարկման տեսանկյունից։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ տարածաշրջանում ամուր խաղաղության եւ կայունության ապահովման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։