Չինաստանն արբանյակ է արձակել տարերային աղետների հետևանքների կանխման համար
INTERNATIONAL NEWSՉինաստանը հունվարի 26-ին ուղեծիր է դուրս բերել L-SAR 01A («Տանցե-1 01А») արբանյակը՝ երկրաբանական ծրագրերի իրականացման, սեյսմիկ ակտիվության դիտարկման և տարերային աղետների հետևանքների կանխման համար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիան: Մեկնարկն իրականացվել է տեղական ժամանակով 07:44-ին CZ-4C («Չանչժեն-4-ցե») հրթիռի միջոցով՝ երկրի հյուսիսի Ցզյուցյուան տիեզերակայանից: Հայտարարության համաձայն՝ արբանյակը նաև կօգտագործվի անտառային տնտեսությունում:
Ենթադրվում է, որ այն թույլ կտա էականորեն բարձրացնել վերահաս կատակլիզմների մասին ժամանակին ազդարարման աշխատանքի մակարդակը, «կբարձրացնի ազգային պաշարների և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման արդյունավետությունը»: Պեկինն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերևութաբանական, հեռահաղորդակցական և նավիգացիոն արբանյակներ, ինչպես նաև տեխնոլոգիաներ Լուսնի յուրացման համար:
Չինացի գիտնականները զուգահեռաբար իրականացնում են աստղակերպերի և Մարսի հետազոտման ծրագիր: Ուղեծրում կառուցվում է ՉԺՀ-ի տիեզերակայանը, որն ըստ պլանի պետք է սկսի գործել 2022 թվականին: 2021 թվականին Չինաստանն իրականացրել է 55 արձակում՝ սահմանելով ազգային ռեկորդ: Այդ ցուցանիշով, ինչպես պնդում է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիան, ՉԺՀ-ն անցած 12 ամսում առաջ է անցել ԱՄՆ-ից՝ զբաղեցնելով աշխարհում առաջին տեղը: