Լավրով. Արեւմուտքը մղում է Կիեւի ռեժիմին ՌԴ-ին ուղղված ուղիղ սադրանքների
INTERNATIONAL NEWSԱրեւմուտքի երկրները ուկրաինական իշխանություններին մղում են ուղիղ սադրանքների ՌԴ-ի հանդեպ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով կառավարության հարցուպատասխանի ժամանակ Պետդումայի լիագումար նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին ժամանակներս ԱՄՆ-ը եւ նրա եվրոպական դաշնակիցները, որոնք հիմնավորապես մոռացել են դիվանագիտության մշակույթը, կրկնապատկում են մեր երկրի զսպմանն ուղղված ջանքերը։ Բացի ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներից՝ մեծացնում են ռազմաքաղաքական ճնշումը Ռուսաստանի վրա։ Բավական է նայել մեր սահմանների մոտ ավելի սադրիչ դարձող զորավարժանքների անցկացմանը, ՆԱՏՕ ուղեծրում Կիեւի ռեժիմի ներքաշմանը, նրան մահասփյուռ զենքի մատակարարումներին ու ՌԴ-ի հանդեպ ուղիղ սադանքների մղելուն։ Եվ այս ֆոնին հատկապես անպատկառ են հնչում մեր հասցեին ուղղված պահանջները՝ դադարեցնել զորավարժությունները մեր սեփական տարածքում, ինչի լիակատար, անվիճելի իրավունքը մենք ունենք»,- ասել է նա։
«ԱՄՆ-ի կողմից ուղղորդվող արեւմտականները փորձում են դիմակայել պատմության օբյեկտիվ ընթացքին, ջանում են իրենց համար միակողմանի գերազանցություն ապահովել»,- ավելացրել է նախարարը։
Մոսկվան կոշտ կկասեցնի ՌԴ-ի վրա Մինսկյան համաձայնագրերի չկատարման պատասխանատվությունը դնելու փորձերը, նշել է Լավրովը։
«Այսուհետ եւս կոշտ կկասեցնենք Ռուսաստանի վրա առաջընթացի բացակայության պատասխանատվությունը դնելու, մանավանդ՝ մեզ հակամարտության կողմ ներկայացնելու փորձերը, ինչպես վերջին ժամանակներս զայրացուցիչ կերպով փորձում են անել արեւմտյան երկրները»,- ասել է նա։