ԱՄՆ-ից Ուկրաինա է ժամանել զինամթերքի խմբաքանակով հինգերորդ ինքնաթիռը
INTERNATIONAL NEWSԿիեւում վայրԷջք է կատարել ԱՄՆ-ի կողմից ռազմատեխնիկական օգնության շրջանակում զինամթերքի խմբաքանակով հինգերորդ ինքնաթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:
«Դե ինչ, dear friends (թանկագին բարեկամներ), հինգերորդ թռչունը Կիեւում է: Տարբեր տրամաչափի եւս 84 տոննա փամփուշտ է Ուկրաինա բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Առաջիկա օրերին ԱՄՆ-ի մեր բարեկամներից կրկին սպասում ենք պաշտպանական ամունիցիայի հերթական բեռին Զինված ուժերի համար»,-Ռեզնիկովը գրել է Facebook-ում:
Հունվարի երկրորդ կեսին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ծանր փոխադրական ինքնաթիռները մոտավորապես 15 չվերթ են կատարել Ուկրաինա՝ զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարելու համար: Արեւմուտքի երկրներն անհանգստացած են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղափոխմամբ: Նրանք կարծում են, որ Ռուսաստանը կարող է ներխուժում պլանավորել այդ երկիր, եւ նրան սպառնում են պատժամիջոցներով: Ռուսաստանն իր հերթին քանիցս հայտարարել է, որ ոչ մի ներխուժում չի պլանավորում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: