Ո՞րը կլինի Հենոյի հաջորդ կանգառը
SPORTFootballtimearmenia ֆեսյբուքյան ֆուտբոլային էջը գրում է.
Հենրիխը շարունակում է ստաբիլ ելույթներ ունենալ գայլերի կազմում, սակայն մի բան ակնհայտ է՝ Հենոն ու յուրահատուկն անհամատեղելի են։ Այս փաստը պարզ է դառնում, երբ ուշադիր համեմատության ենք ենթարկում Հայաստանի ազգային հավաքականի ավագի խաղերը «Ռոմայում»՝ ընթացիկ և նախորդ մրցաշրջաններում։
Ժոզեն կարծես բանտարկի Հենրիխին, սահմանափակի նրա գործողությունները, իսկ Մխիթարյանը, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ է և հետևում է մարզչի հրահանգներին, ինչից զգալիորեն տուժում են նրա անհատական ցուցանիշները։
Իտալական մամուլում արդեն բավականաչափ հոդվածներ կան այն մասին, որ Մխիթարյանն այս ամռանը կհեռանա մայրաքաղաքային թիմից, իսկ, ինչպես գիտեք, առանց կրակ ծուխ չի լինում։
Առաջարկում ենք դիտարկել այն ակումբները, որտեղ կարող է Հենոն շարունակել կարիերան։
- «Միլան»․ Սա կարելի է համարել քիչ հավանական, բայց և միևնույն ժամանակ հիանալի տարբերակ Հենրիխի համար։ Հական Չալհանօղլուի հեռանալուց հետո, ռոսոներիները, կարելի է ասել, չունեն արտահայտված փլեյմեյքեր, ինչի կարիքը զգում են, այս ամենին կարելի է գումարել Ֆրենկ Կեսիեի մոտալուտ հրաժեշտը։ Այս իրողությունները կարող են հիանալի շանս լինել Հենոյի համար՝ կարիերայում քայլ առաջ կատարելու և Չեմպիոնների լիգա վերադառնալու առումով։
- «Նյուքասլ Յունայթեդ»․ Սաուդյան Արաբիայի շեյխերը փորձում են ահռելի գումարներով գայթակղելու շնորհիվ իրենց թիմ հրավիրել կարիերայի մայրամուտում գտնվող աստղերի, իսկ Հենոն, եկեք խոստովանենք, որ այլևս երիտասարդ չէ, և ամրոցաբնակների կազմ տեղափոխվելը կարող է լավ տարբերակ լինել նրա համար՝ թե՛ ֆինանսական և թե՛ խաղային տեսանկյունից։ Հաշվի առնելով Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի տաղանդն ու ագահությունը՝ կարելի ասել, որ կա նման տրանսֆերի՝ թեև փոքր, բայց հավանականություն։
- Ռուսաստան․ Արդեն մի քանի տարի է, ինչ ռուսական տարբեր առաջատար թիմեր փորձում են իրենց ակումբ հրավիրել հետխորհրդային երկրների պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստին։ Սակայն Հենրիխը, կարծես թե, չի ցանկանում տեղափոխվել ՌՊԼ՝ այդ տեղափոխությունը համարելով ոչ թե մեկ, այլ երկու քայլ հետ։ Ինչևէ, խոսացություններն այժմ էլ արդի են, սակայն հուսանք՝ նման տրանսֆեր տեղի չի ունենա։
- «Սևիլյա»․ Մոնչին բավականին լուրջ նպատակներ է սահմանել անդալուսյան ակումբի համար և վստահ քայլերով գնում է դեպի դրանց իրականացումը. պատահական չէ, որ «Սևիլյան» ընթանում է Լա լիգայի 2-րդ հորիզոնականում, և կարող ենք ասել միակ թիմն է, որ պայքարում է «Ռեալ Մադրիդի» հետ չեմպիոնության համար։ Դե, իսկ Անդալուսիայում սիրում են անվճար տրանսֆերներ։ Խաղային առումով ևս Հենոն համապատասխանում է Խուլեն Լոպետեգիի մարտավարությանը։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ, ըստ մեզ, սա Հայաստանի ազգային հավաքականի ավագի համար կարիերան շարունակելու լավագույն տարբերակն է։
Մեկնաբանություններում կցանկանայինք տեսնել նաև Ձեր կարծիքը՝ Հենոյի ապագայի վերաբերյալ։
Սկզբնաղբյուր՝ Footballtimearmenia