«Հաջորդ 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար». Զելենսկի
INTERNATIONAL NEWSՓետրվարի 27-ի երեկոյան Ուկրաինայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Զելենսկին Ջոնսոնին ասել է, որ առաջիկա 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար, գրել է նա Twitter-ի իր էջում։
«Ես խոսել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ՝ անվտանգության ներկա իրավիճակի մասին։ Մենք պայմանավորվեցինք ագրեսորին հակազդելու հետագա ընդհանուր քայլերի մասին։ Հակապատերազմական կոալիցիան գործողության մեջ է։
Ջոնսոնի մամուլի ծառայությունը հայտարարել է հետևյալը․ «Նախագահ Զելենսկին ասել է, որ կարծում է՝ առաջիկա 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար, և վարչապետն ասել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի Ուկրաինային պաշտպանական օգնություն Մեծ Բրիտանիայից և դաշնակիցներից»։
Ջոնսոնն ուկրաինացի ժողովրդի դիմադրությունն անվանել է հերոսական։
Հիշեցնենք՝ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 40 միլիոն ֆունտ (մոտ 53 միլիոն դոլար) օգնություն՝ ռուսական ներխուժման հետևանքով առաջացած հումանիտար աղետից խուսափելու համար։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։