Ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան Բրեստում` 14:00-ին. Մեդինսկի
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի հետ բանակցություններում «ռուսական առաջարկների» բլոկը բաղկացած է ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական մասերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական կողմից գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին, գրում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով, 14:00-ին Բրեստի մարզում սպասվում են ռուս-ուկրաինական բանակցություններ։
Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հիմքեր ունի ենթադրելու, որ «ուկրաինական պատվիրակությունը ձգձգում է բանակցությունները»։
Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում քննարկել Ուկրաինայի և ողջ Եվրոպայի անվտանգության երաշխիքների հարցը։
Բայց, ըստ նրա, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրերում անպայման պետք է կետ ներառեն Մոսկվային սպառնացող զենքի ոչնչացման մասին։
«Ռուսաստանի պահանջները նվազագույն են»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։