Ալիևը Մակրոնին ասել է, որ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին և պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։
Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, գրում է Minval.az-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում:
«Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,-ասել է նա: