Ուկրաինայում պատերազմը կարող է շուրջ 100 միլիոն մարդու հանգեցնել սովի. DW
INTERNATIONAL NEWSՈւկրաինայում պատերազմը կարող է շուրջ 100 միլիոն մարդու հանգեցնել սովի։ Նման կարծիք է հայտնել ագրարային էկոնոմիկայի ոլորտում գերմանացի փորձագետ, Բոննի համալսարանի պրոֆեսոր Մատին Կայիմը, գրում է DW-ը։
Համաշխարհային շուկայում վաճառվող ցորենի մոտ մեկ երրորդը, եգիպտացորենի մեկ հինգերորդը եւ արեւածաղկի ձեթի երեք քառորդն աճեցվում է Ռուսաստանում եւ Ուկրաինայում, ասել է Կայիմը շաբաթ օրը Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռազմական հակամարտության վիճակում գտնվող երկու երկրները մեծ քանակությամբ պարեն են արտահանում Հյուսիսային Աֆրիկա եւ Մերձավոր, մասնավորապես՝ Եգիպտոս, Լիբիա եւ Լիբանան։ Բացի այդ, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ դրա տնտեսական հետեւանքները կարող են ազդել «նույնիսկ ավելի աղքատ երկրների վրա, որտեղ մեծ թվով մարդիկ արդեն ապրում են սովի պայմաններում», նշել է նա։
Մատին Կայիմի խոսքով՝ ցորենի գների զգալի աճ կգրանցվի նաեւ Գերմանիայում՝ թեպետ գները կմնան մատչելի բնակիչների մեծ մասի համար։ «Սակայն Աֆրիկայի եւ Հարավային Ասիայի շատ շրջաններում գրեթե ամբողջ եկամուտը ծախսվում է սննդամթերքի վրա»,- հավելել է նա։
Բացի այդ, պարարտանյութերի գները ներկայումս աճում են, քանի որ Ռուսաստանը կարեւոր մատակարար է: «Սա լուրջ խնդիր է հատկապես Աֆրիկայի ամենաաղքատ երկրների համար։ Ի տարբերություն Եվրոպայի՝ ֆերմերների մեծ մասը հնարավորություն չունի գումար ծախսել թանկացած պարարտանյութի համար»,- նշել է գերմանացի փորձագետը։ Նրա խոսքով՝ պարարտանյութից հրաժարվելը կարող է 20-30 տոկոսով կրճատել բերքը։