Մարիուպոլում ավերածության մասշտաբը` արբանյակից արված լուսանկարներում
INTERNATIONAL NEWSCNN-ը հրապարակել է Maxar Technologies ընկերության արբանյակային լուսանկարները, որոնք ներկայացնում են ուկրաինական Մարիուպոլ քաղաքի ավերածության մասշտաբը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ քաղաքն իր ռազմավարական դիրքի պատճառով գտնվում է ՌԴ զորքերի անընդհատ հարձակման ներքո: Նրա խոսքով՝ հարյուր հազար մարդ շարունակում է մնալ քաղաքում՝ անմարդկային պայմաններում:
«Չկա սնունդ, չկա ջուր, չկա դեղորայք: Մշտական հրետակոծության, մշտական ռոմբակոծության ներքո»,-ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: