Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները
INTERNATIONAL NEWSՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված իրադրության կայունացման ուղիները։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարից։
«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։ Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի շուրջ։