Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Կիևի մասին Կադիրովի հայտարարությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել կապ հաստատել պաշտպանության նախարարության հետ՝ մեկնաբանելու Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությունը՝ Կիևի վրա ռուսական զորքերի հարձակման պլանների վերաբերյալ, հայտնում է interfax.ru-ն:
«Ավանդաբար մենք ձեզ հետ չենք խոսում հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին: Այս իրավասությունը թողնում ենք ՊՆ-ին: Այնտեղ օրը երկու անգամ ճեպազրույցներ են անցկացվում: Ես առաջարկում եմ, որ դուք տեղեկություն ստանաք այնտեղից»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Կադիրովը թելեգրամյան տեսաուղերձում հայտնել էր, որ ռուսական զինված ուժերը ծրագրում են հարձակում սկսել Ուկրաինայի քաղաքների, գյուղերի և այլ բնակավայրերի, այդ թվում՝ Կիևի դեմ։ Մարտի վերջին հայտնի է դարձել, որ Չեչնիայի ղեկավարը ժամանել է Մարիուպոլ և անձամբ է ղեկավարում քաղաքի ազատագրման հատուկ օպերացիան:
Կադիրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հարձակում են նախապատրաստելու Ուկրաինայի բոլոր քաղաքների վրա։
«Առաջադրանքները պարզ են, և մենք արդեն սկսում ենք աշխատել կոնկրետ, կետային, և հարձակողական ալիք կլինի... ոչ միայն Մարիուպոլում, այլև մնացած բոլոր բնակավայրերում, քաղաքներում և գյուղերում։ Բայց մենք առաջին հերթին ամբողջությամբ կազատագրենք Լուգանսկը և Դոնեցկը, նման խնդիր դրել է գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Կադիրովը։
Նա նաև պատասխանել է այն պնդումներին, թե «եթե ռուսական զորքերը հեռացան Կիևից, ապա Ռուսաստանը զիջում է Ուկրաինային»։
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ եթե Կիևը չկատարի այն բոլոր պարտավորությունները, որ մեր գերագույն հրամանատարն է ներկայացնում նրանց, պատերազմը չի դադարի»,- վստահեցրել է հանրապետության ղեկավարը։