ՌԴ ՊՆ-ն հայտնել է պատերազմի ընթացքում զոհված ուկրաինացի զինվորականների թիվը
INTERNATIONAL NEWSՈւկրաինական բանակի, Ազգային գվարդիայի, ինչպես նաև վարձկանների անդառնալի կորուստները կազմում են 23367 մարդ։ Այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հավաստի տվյալներ ունի ուկրաինական բանակի, Ազգային գվարդիայի և ժամանած օտարերկրյա վարձկանների իրական կորուստների մասին, որոնք Զելենսկին վախենում է ասել Ուկրաինայի ժողովրդին»,- ասել է Կոնաշենկովը։
Կոնաշենկովը հայտնել է նաեւ, որ Մարիուպոլի ազատագրման գործողության ընթացքում ուկրաինացի 1464 զինծառայող է հանձնվել։
Նաև ապրիլի 16-ին կայացած ճեպազրույցում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Մարիուպոլի ողջ քաղաքային տարածքն ամբողջությամբ մաքրվել է «Ազովի» զինյալներից, օտարերկրյա վարձկաններից և Ուկրաինայի զինված ուժերից։ Նրա խոսքով՝ ուկրաինական խմբավորման մնացորդները ներկայումս ամբողջությամբ արգելափակված են «Ազովստալ» մետալուրգիական գործարանում։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ ձեռնարկության տարածքում ուկրաինացի զինվորականների, նացիստների և օտարերկրյա վարձկանների թիվը չի գերազանցում 2,5 հազարը։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Մարիուպոլում ուկրաինական բանակի և ազգայնական կազմավորումների լիկվիդացման դեպքում Կիևը կդադարեցնի բանակցությունները Մոսկվայի հետ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 134 ինքնաթիռ, 460 անօդաչու թռչող սարք, 246 զենիթահրթիռային համակարգ, 2269 տանկ և այլ զրահատեխնիկա, բազմակի հրթիռային համակարգերի 252 կայանք, 987 դաշտային հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2158 միավոր հատուկ ռազմական մեքենա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին հայտնել էր, որ պատերազմի ընթացքում զոհվել է 2500-ից մինչև 3000 ուկրաինացի զինծառայող։