Ես չեմ հավատում, որ խաղաղության այս կարգախոսները մեզ լավ տեղ են տանելու. Դավիթ Հակոբյանը միացել է ցուցարարներին
CULTUREԸնդդիմադիր ակտիվիստները իրազեկման ակցիաներ են իրականացնում երևանյան փողոցներում ՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին հանուն Հայաստանի ու Արցախի: Ակցիայի մասնակիցները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դիմաց «Քոչարի» պարեցին: Նրանց միացավ դերասան, վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:
Օրերս մենք հարցում էինք իրականացրել՝ պարզելու հայ մտավորականներից ովքե՞ր են միանալու ընդդիմության բողոքի ակցիաներին: Մեր հարցմանն ի պատասխան Դավիթ Հակոբյանը նշել էր՝ «Օրը գա, բարին հետը, ես ի՞նչ իմանամ: Ես վախենում եմ՝ վատ բաներն ավելի արագ կատարվեն, քան մեր բողոքի ակցիան»:
Փաստորեն, օրը եկավ: 1or.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ պարզելու ընդդիմության բողոքի ակցիաներից ունեցած սպասելիքները.
«Բավականին դժվար է ասել՝ ինչ արդյունք կտան այս ցույցերը, երանի իմանայի պատասխանը: Համենայն դեպս ես կարծում եմ, որ եթե այս տեմպով շարունակենք մեր կեղծ խաղաղության քարոզը, շատ վատ հետևանքների ենք հանգելու: Մի բան պարզ է, որ Ադրբեջանը գոռգոռում է, թե համաձայն է, որ հայերը կարող են հանգիստ ապրել իրենց հսկողության տակ, որ հարցը դրանով կլուծվի, հիմա Ադրբեջանը գրավել է Հադրութը, ո՞ւր են հայերը, ինչո՞ւ չեն ապրում այնտեղ, ինչո՞ւ չի ապահովել այնտեղ հայերի ապրելը, ինչո՞ւ է մորթել, ինչո՞ւ է փշրել, ինչո՞ ւ է ականջներ կտրել: Ես չեմ հավատում, որ խաղաղության այս կարգախոսները մեզ լավ տեղ են տանելու, ուրիշ բան չեմ կարող ասել»:
Մարիամ Նալբանդյան