ԱՄՆ-ն փորձում է կանխել Բաքվի և Երևանի կողմից հակամարտության վերսկսումը. ԱՄՆ պետքարտուղար
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու քայլեր, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Դա այն է, ինչում շատ ակտիվ ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին վստահ լինենք, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, ինչպես նաև փորձենք առաջ տանել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը», - ասել է Բլինկենը:
Պետքարտուղարը հավելել է, որ բանակցում է նաև երկու երկրների արտգործնախարարների հետ։
Բլինկենը նաև նշել է, որ պետբյուջեով Հայաստանին հաստկացվել է 45 մլն դոլար, որից երկու միլիոնը նախատեսված է ականազերծման համար: