Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում զորահանդեսին կմասնակցի միջուկային պատերազմի համար նախատեսված «դատաստանի օրվա ինքնաթիռը»
INTERNATIONAL NEWSՄայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք գլխավոր զորահանդեսին կմասնակցի 11 000 մարդ, 131 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև 77 ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ և «դատաստանի օրվա ինքնաթիռը», հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ ՊՆ-ից մանրամասնել են, որ օդային շքերթին կներգրավվի ՌԴ պաշտպանության նախարարության ամենագաղտնի ինքնաթիռներից մեկը՝ Իլ-80 օդային կառավարման կենտրոնը, որը հայտնի է որպես «դատաստանի օրվա ինքնաթիռ»: Նման ինքնաթիռները կարող են օգտագործվել միջուկային պատերազմի դեպքում, եթե ոչնչացվեն ցամաքային կառավարման կառույցները։
Վերջին անգամ Իլ-80-ը Հաղթանակի շքերթին մասնակցել է 2010 թվականին։ Ինքնաթիռը, որը թռչելու է Կարմիր հրապարակի վրայով, նախատեսված է երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությանը տարհանելու և միաժամանակ վերահսկելու զինված ուժերը ցանկացած ինտենսիվության հակամարտությունում, ներառյալ լայնածավալ միջուկային պատերազմը: