Ուկրաինա այցելած ամերիկացի կոնգրեսականը պատմել է Զելենսկու խնդրանքի մասին
INTERNATIONAL NEWSԿիև այցելած ԱՄՆ կոնգրեսական Ջեյսոն Քրոուն NBC հեռուստաալիքի եթերում խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքի մասին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին խնդրել է Կիևին տրամադրել հականավային հրթիռներ՝ ապահովելու ուկրաինական նավահանգիստների անվտանգությունը՝ սննդամթերքի արտահանման համար։
Քրոուն հավելել է, որ ուկրաինական իշխանությունները նաև ակնկալում են ստանալ բազմակի օգտագործման անօդաչու թռչող սարքեր՝ ճշգրիտ կառավարվող զինամթերքով։ Նա նշել է, որ Կիևը նաև խնդրել է Վաշինգտոնին տրամադրել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Կոնգրեսականն ընդգծել է, որ ուկրաինական կողմը հետաքրքրված է «Հարփուն» հականավային հրթիռներով կամ նմանատիպ զինատեսակներով, որոնցով Կիևը կկարողանա ապահովել Օդեսայի և այլ քաղաքների նավահանգիստների օգտագործումը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ամենամեծ խնդիրներից մեկը պարենային ապրանքների արտահանումը շարունակելու անկարողությունն է։
«Նրանք ունեն 12 միլիոն տոննա պարենամթերք, ցորենի հացահատիկ, արևածաղկի ձեթ, և այդ պաշարներն անհրաժեշտ են ինչպես Ուկրաինայի տնտեսությանը, այնպես էլ Աֆրիկայում և, մասնավորապես, Մերձավոր Արևելքում սովը կանխելու համար», - ասել է նա: