Հայաստանում 100-ից ավելի բազմաբնակարան շենքերի վրա «արևային պանելներ» կտեղադրվեն. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է
Վերականգնվող արևային էներգետիկայի զարգացումը խրախուսվում է ամբողջ աշխարհում, իսկ հիմա՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, առավել ևս՝ Եվրոպայում:
Կան տեղեկություններ, որ էներգետիկ անվտանգության նկատառումներով շուտով գործարկվելու է մեգանախագիծ, որի արդյունքում 8 տարի հետո նախատեսվում է եվրոպացիների բնակարանների և տների առնվազն 50 տոկոսն ապահովել արևային էներգիայով: Մասնագետների համոզմամբ, Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ, և տարեցտարի մեզ մոտ ավելի ու ավելի են կարևորում վերականգնվող էներգետիկան:
Էներգետիկ փորձագետները մեզ հետ զրույցում նշում էին, որ Հայաստանում գնալով ավելի ու ավելի է շատանում արևային վահանակների պահանջարկը, քանի որ մարդիկ արդեն համոզվում են դրանց արդյունավետության մեջ: Բանն այն է, որ ճիշտ հաշվարկ իրականացնելու դեպքում հետգնումը բավականին արագ է ստացվում՝ 4-5 տարվա ընթացքում, ինչից հետո ևս 20 տարի մարդիկ անվճար էլեկտրաէներգիա են ունենում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր ծրագիր է կյանքի կոչվելու, որը նախատեսում է 100-ից ավելի բազմաբնակարան շենքերի վրա արևային կայանների տեղադրում՝ շենքերի արտաքին և ներքին լուսավորության, ինչպես նաև՝ վերելակների կարիքների համար:
Բնակարանների համար, մեր տեղեկություններով, դեռ ծրագրեր չկան, սակայն չեն բացառվում նաև այդ ուղղությամբ աշխատանքները: Ի դեպ, հավելենք, որ Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը «Սոլարոնն» է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում