Թուրքիայի ակնկալիքները պետք է իրականացվեն. Ստոլտենբերգ
INTERNATIONAL NEWSՇվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին միանալու համար պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվում են աջակցել Քրդստանի Աշխատավորական կուսակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կողմերը քննարկել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի անհանգստությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ հիմնված է իրավական պահանջների վրա։ Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրները պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվել են ահաբեկչությանն աջակցելուց, չեղարկել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները և պատրաստ են համերաշխություն ցուցաբերել դաշինքին»,- լրագրողներին ասել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Ստոլտենբերգն իր հերթին նշել է, որ «առանցքային դաշնակից Թուրքիայի ակնկալիքները պետք է իրականացվեն»։
ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններ Կլաուս Կորհոնենը և Աքսել Վերնհոֆը մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին են ներկայացրել դաշինքին միանալու իրենց երկրներին ուղղված դիմումները։ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույն օրը ասել է, որ Անկարան չի աջակցի այդ երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն, քանի դեռ նրանք չեն որոշել իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ, որն Անկարան այդպիսին է համարում։