Բորիս Ջոնսոնը հաղթել է անվստահության քվե հայտնելու քվեարկությունում. նա շարունակում է մնալ վարչապետ
INTERNATIONAL NEWSԵրկուշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու վերաբերյալ Պահպանողական խմբակցության անդամների գաղտնի քվեարկությունն ավարտվել է վարչապետի օգտին, գրում է BBC-ն։
Պաշտոնը պահպանելու համար Ջոնսոնին անհրաժեշտ էր հավաքել իր կուսակցության ներկայացուցիչների առնվազն կեսի և ևս մեկ ձայն, այսինքն՝ առնվազն 180 ձայն։ Վարչապետին աջակցել է 211 պատգամավոր։ Դեմ էին 148-ը։
Բորիս Ջոնսոնը խուսափել է պարտությունից, սակայն քվեարկության արդյունքը, քաղաքագետների կարծիքով, կարող է լուրջ քաղաքական վնաս հասցնել նրան։
Այս արդյունքն ավելի վատ է վարչապետի համար, քան 2018 թվականին նախկին վարչապետ Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու արդյունքը՝ Brexit-ի բանակցությունների ֆոնին։ Այժմ, ըստ կուսակցական կանոնների, Ջոնսոնին մեկ տարի երաշխավորված է կրկնվող նմանատիպ ընթացակարգից։
Հիշեցնենք, որ Ջոնսոնի հրաժարականի մասին խոսվում էր 2022 թվականի սկզբից։ Պատճառը 2020 թվականի մայիսին լոքդաունի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում երեկույթների մասին լրատվամիջոցների հրապարակումներն են։ Բորիս Ջոնսոնը հրապարակավ ներողություն է խնդրել, սակայն հրաժարվել է հեռանալ պաշտոնից։