ՌԴ ՊՆ-ն` Կրեմենչուկի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Պաշտպանության նախարությունը հաղորդել է, որ երկրի օդատիեզերական ուժերը հարված են հասցրել ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված զենքի և զինամթերքի անգարներին, որոնք գտնվում են Կրեմենչուկի ավտոմեքենաների գործարանի հատվածում։ Ըստ գերատեսչության՝ անգարներում պահվող զինամթերքի պայթյունի պատճառով հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել։
Հիշեցնենք՝ Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում երեկվանից հայտնվել է Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի կենտրոնի հրթիռակոծությունը, որի հետևանքով առնվազն 18 մարդ է մահացել, 59 մարդ՝ վիրավորվել։ Եվս 36 մարդ անհետ կորած է։ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները համատեղ հայտարարության մեջ խաղաղ բնակիչներին հասցված հարվածն անվանել են «պատերազմի հանցագործություն»։ Կիևը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ Ռուսաստանին մեղադրելով հունիսի 25-27-ը ուկրաինական տարածքի, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների ավելի ինտենսիվ հրթիռակոծությունների համար։