Եվրոպայում գազի գները ռեկորդ են սահմանել
ECONOMICSՀուլիսի 4-ի առեւտրային նստաշրջանի ընթացքում գազի սեպտեմբերյան ֆյուչերսների գները ռեկորդ են սահմանել՝ մարտի 10-ից ի վեր առաջին անգամ գինը բարձրացել է մինչեւ 1774,6 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները։
Աճը նախորդ առեւտրային նստաշրջանի փակման մակարդակի համեմատ կազմել է 7,4 տոկոս։ Գնի հրապարակման պահին գազի գները փոքր-ինչ նվազել են՝ հասնելով 1000 խորանարդ մետրի դիմաց 1766 դոլարի։
Թանկացումը տեղի է ունենում հուլիսի 5-ին Նորվեգիայում նավթագազային ոլորտի աշխատակիցների գործադուլի ֆոնին, հայտնում է Bloomberg-ը։ Ակցիան կդադարեցնի երկրի ընդհանուր մատակարարման 13 տոկոսը։ Նորվեգիայի նավթի եւ գազի ոլորտի գործատուների Norsk olje og gass ասոցիացիան նշել է, որ երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Equinor ընկերությւան աշխատողների գործադուլի պատճառով անհրաժեշտ կլինի դադարեցնել Հյուսիսային ծովում մայրցամաքային շելֆի երեք հարթակների աշխատանքը։
Հունիսի վերջին Նորվեգիան եւ Եվրամիությունը (ԵՄ) պայմանավորվել են ամրապնդել էներգետիկ համագործակցությունը՝ երկիրը խոստացել է ավելացնել գազի մատակարարումները տարածաշրջան: Նորվեգիայի նավթի եւ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ երկիրը Եվրոպայում նավթի եւ գազի խոշորագույն արտադրողն է, ինչը հատկապես նշանակալի է դարձնում նրա դերը տարածաշրջանի էներգետիկ անվտանգության մեջ։ Նորվեգական մայրցամաքային շելֆում գտնվող ընկերությունները շատ բարձր հզորությամբ են աշխատում, ընդ որում, 2021-ից մինչեւ 2022 թվականը նախատեսվում է գազի մատակարարման ավելացում մոտ 100 տերավատ/ժամով: