Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ. Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSԹուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են։
Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ երկուշաբթի Անկարայում կայացած հանդիպմանը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ երկխոսությունը շարունակելուն և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։
«Հայաստանում «ծայրահեղական խմբավորումները» (չակերտները`Tert.am) հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով, սա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար համարձակ քայլի գնալու համար. հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի»,- ընդգծել է թուրք նախարարը։
Չավուշօղլուն նաև հռետորական հարց է հղել. «Ինչո՞ւ կարգավորման բանակցությունների հերթական փուլը չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում: Երևանը դեռ պատրաստ չէ սրան։ Նմանատիպ հանդիպումներ հնարավոր են ապագայում»,- հավելել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան նաև աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։