Արդյո՞ք Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը օրենք է խախտել. պարզաբանում
SOCIETYԱյսօր լրատվական կայքերից մեկում հրապարակվել է տեսանյութ և կից մեկնաբանություն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը խախտում է երթևեկության կանոնները։ Լրատվամիջոցը նշել էր, որ տեսանյութը տրամադրել է մտահոգ քաղաքացիներից մեկը։
Չմեկնաբանելով կոնկրետ դրվագը` ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Past.am-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ ըստ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման` պետական պահպանություն տրամադրվում է հանրապետության նախագահին, վարչապետին և Ազգային ժողովի նախագահին, և վերջիններս իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից։
Համաձայն գործող կարգի, առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել որոշակի կանոններ։
Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատանքային տեղաշարժի ընթացքում երբեմն անհրաժեշտություն է առաջանում կիրառել օրենքի այդ դրույթը:
«Տեսանյութը տրամադրող մտահոգ քաղաքացիները, թերևս, պետք է մտահոգվելու փոխարեն ուսումնասիրեն իրավական ակտերը, իսկ դրանք տիրաժավորող լրատվականները թող փորձեն վեր հանել իրական խնդիրներն ու մարտահրավերները, ոչ թե հերթական անիմաստ սկանդալը հրահրելու հաշվին հիշեցնեն իրենց գոյության մասին»,-հավելեց Ծովինար Խաչատրյանը։