Օրենքը թերի է, իսկ պատասխանատուները ոչինչ չեն անում. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
Ջրանջատումները, այն էլ՝ երկար ժամանակով, իսկական աղետ են այս շոգ օրերին: Քաղաքացիներն իրար հերթ չտալով բողոքում են՝ ինչպես կարելի է ջուրը 24 կամ 36 ժամով անջատել: Մեզ հետ զրույցում այս հարցի վերաբերյալ իր բողոքն արտահայտեց նաև Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ Հովհաննես Կարապետյանը: «Նախ՝ սկսենք նրանից, որ օրենքը թերի է: Տեսեք՝ անջատումների հետ կապված տարեկան սահմանափակում կա էլեկտրաէներգիայի մասով՝ տարեկան 72 ժամից ավելի անջատում չպետք է լինի, սակայն ջրի մասով նման սահմանափակում չկա:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որպես այդ ոլորտը կանոնակարգող մարմին, թերացել է: Երբ զրուցեցի իրենց համապատասխան մասնագետի հետ, ինձ առաջարկեցին այդ հարցը բարձրացնել, առաջարկություններ ներկայացնել: Հարցնում եմ՝ դուք տեղյա՞կ չեք այս խնդրին, ասում է՝ տեղյակ ենք, բայց օրենքը մշակվել է՝ ելնելով ցանցի տեխնիկական վիճակից:
Փաստացի ստացվում է, որ վատ սպասարկող ընկերությունը, այս դեպքում «Վեոլիա ջուր» ընկերությունը, որևէ պատասխանատվություն չի կրելու, եթե ջուրը 36 ժամ անջատի, հետո մեկ ժամ տա, հետո նորից անջատի: Տարեկան որքան ուզենա, այնքան կանջատի ջուրը: «Վեոլիա ջուր» ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում վատ սպասարկման համար: Մեր տան պարագայում վերջին երկու ամսվա ընթացքում սա երևի 4-րդ, գուցե անգամ 5-րդ դեպքն է: Իրենց թեժ գծից էլ որևէ խելամիտ պատասխան չի ստացվում, զանգահարում ես, ասում են՝ երեկոյան ջուր կունենաք, չեն միացնում, հետո նորից զանգահարեցի, բա՝ շուտով կմիացնենք, այսինքն՝ իրենք էլ տեղյակ չեն, թե իրենց ոլորտում ինչ է կատարվում: Մեկ ասում են վթար է, մեկ ասում են՝ վթարը վերացվել է, փականի խնդիր է, մեկ՝ ուրիշ մի խնդիր է:
Թեժ գիծը, որը սպառողի ու ընկերության տեխնիկական անձնակազմի կապող օղակն է, տեղեկացված չէ, թե իրենց համակարգում ինչ է տեղի ունենում»,«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսը: Այս պարագայում ստացվում է, որ ՀԾԿՀ-ի աշխատակիցները տեղյակ են խնդրին, բայց ոչինչ չեն անում այն կարգավորելու համար, ստացվում է, որ հաշվի են առնում միայն սպասարկող կազմակերպության շահերը, անտեսում սպառողներինը: «Օրինակ՝ ՀԾԿՀ-ն ստացավ բազմաթիվ բողոքներ սպասարկող որևէ կազմակերպության վատ աշխատանքի վերաբերյալ, տուգանում է ընկերությանը, տուգանքի չափն էլ սովորաբար նման մեծ ընկերությունների համար սիմվոլիկ գումար է, և համարում է հարցը լուծված: Իսկ սպառողների համար ոչինչ չի արվում:
Հաջորդիվ, երբ նորից դիմում ես իրենց, դժգոհությունդ արտահայտում, ասում են՝ դիմեք դատարան: ՀԾԿՀ-ը տեղյակ է, որ օրենսդրությունը բաց ունի, սպառողի շահերն այդտեղ ներկայացված չեն, ի դեպ, ՀԷՑ-ի դեպքում ներկայացված են, իրենք հստակ հետևում են օրենքին, մոնիտորինգ անում, բայց «Վեոլիայի» դեպքում դա չի արվում, քաղաքացիների բողոքի հիման վրա կարող է տարեկան մեկ անգամ տուգանել կամ չտուգանել և դրանով համարել իր գործը արված: Մեր խնդիրը դա է»,-եզրափակում է Հովհաննեսը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում