Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ
SPORTՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց կթողնի Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայանալիք 7-րդ տուրի պարտիաները: Փաստացի Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ։
Նշենք, որ այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում կմրցի ԱՄՆ հավաքականի հետ:
Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով կմրցի Ուեսլի Սոյի հետ։ Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Լեյներ Դոմինգես Պերեսը, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ կմրցակցի Սեմ Շանկլանդի հետ:
ԱՄՆ ընտրանին 11 միավորով երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի երկրորդ թիմը:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5):
Արման Փաշիկյանի գլխավորած թիմը միակն է, որը 6 հաղթանակ է տարել օլիմպիադայում:
Հայաստանի կանանց հավաքականն էլ 7-րդ տուրում ուժերը կչափի Իսրայելի թիմի հետ: Առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա Մարսել Եֆրոիմսկիի հետ, Լիլիթ Մկրտչյանը սևերով կմրցի Դինա Բալենկայայի հետ, Աննա Սարգսյանը կխաղա Մաշա Կլինովայի, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ Միչալ Լահավի հետ:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ, սակայն պարտվել է Էստոնիային (1,5:2,5) ու 10 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը։
7-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից: Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։