Նավթի գները բարձրացել են, քանի որ Սաուդյան Արաբիան զգուշացրել է, որ կարող է կրճատել արդյունահանումը
ECONOMICSԵրեքշաբթի նավթի գները բարձրացել են այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ կարող է կրճատել արդյունահանումը, որպեսզի վերանայի նավթի գների վերջերս տեղի ունեցած իջեցումը, տեղեկացրել է Reuters-ը։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները Գրինվիչի ժամանակով ժամը 03.28-ին ավելացել են 93 սենթով կամ 1 տոկոսով՝ մեկ բարելը 97,41 դոլար։ West Texas Intermediate տեսակի նավթի ֆյուչերսները ավելացել են 90 սենթով կամ 1 տոկոսով՝ մեկ բարելը 91,26 դոլար։
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը պատրաստ է կրճատել արդյունահանումը, որպեսզի վերանայի նավթի վերջին շրջանում գների իջնելու հարցը, ինչը պայմանավորված էր ֆյուչերսային շուկայի վատ լիկվիդայնութամբ եւ մակրոտնտեսական մտավախություններով, որոնք անտեսում էին նավթի չափազանց սահմանափակ ֆիզիկական առաջարկը, հայտարարել է ՕՊԵԿ-ի առաջատար Սաուդյան Արաբիան։
Սաուդյան Արաբիայի SPA պետական տեղեկատվական գործակալությունը մեջբերել է էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալմանի խոսքերը, որը Bloomberg-ին ասել է, որ ՕՊԵԿ+-ը միջոցներ եւ հնարավորություններ ունի խնդիրները լուծելու համար։
Քանի որ Սաուդյան Արաբիան կողմ է նավթի գների պաշտպանությանը, շուկան, հավանաբար, կօգտվի երկար դիրքերի ստեղծման հնարավորությունից, կարծում են Haitong Futures-ի վերլուծաբանները՝ ավելացնելով, որ իրանական միջուկային գործարքի ելքը մեծ անորոշություն է մնում։
Երկուշաբթի Իրանը Միացյալ Նահանգներին մեղադրել էր Թեհրանի 2015թ. միջուկային գործարքի վերածնման ջանքերը դանդաղեցնելու մեջ։ Վաշինգտոնը հերքել է այդ մեղադրանքը՝ հայտարարելով, որ գործարքն ավելի մոտ էր վերածնմանը, քան երկու շաբաթ առաջ, Իրանի ակնհայտ ճկունության պատճառով։
Եվրոպան, այդ ընթացքում, բախվում է էներգակիրների մատակարարման նոր խափանումների՝ խողովակաշարերի այն համակարգի վնասվելու պատճառով, որով նավթը Ղազախստանից անցնում է Ռուսաստանի տարածքով։
Ընթացիկ սահմանափակ առաջարկ-պահանջարկն ընդգծվում է նրանով, որ ԱՄՆ-ի Ռազմավարական նավթային պահուստում (SPR) հում նավթի պաշարները ավելի քան 35 տարվա ընթացքում առաջին անգամ ամենացածր մակարդակի են, նշել է IG Group-ի շուկայական վերլուծաբան Յեփ Ջուն Ռոնգը։