Լիտվայի ԱԳ նախարարն առաջարկել է ՌԴ քաղաքացիներին Մերձբալթյան երկրներ ներս թողնելուց առաջ հարցնել՝ «ո՞ւմն է Ղրիմը»
INTERNATIONAL NEWSՌուսաստանի քաղաքացիները, որոնք մտադիր են հատել Լիտվայի սահմանը, Բալթյան երկրներ մուտք գործելու համար պետք է դեմ արտահայտվեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմին և Ղրիմը ճանաչեն ուկրաինական։ Հակառակ դեպքում նրանց մուտքը կարգելվի:
Այս մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, գրում է Delfi պորտալը։
Երկրի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ սահմանապահ ծառայության աշխատակիցները բոլոր իրավունքներն ունեն հետաքրքրվելու Ռուսաստանի քաղաքացիների դիրքորոշմամբ՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ, ինչպես նաև պարզաբանել, թե «ո՞ւմն է Ղրիմը»։
«Ելնելով այն պատասխանից, որ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի սահմանը հատող անձը կասի, որ, իր կարծիքով, Ղրիմը օկուպացված չէ, կարելի է ենթադրել, որ այդ անձի ընդունումը չի բխում ազգային անվտանգության շահերից»,- պարզաբանել է Լանդսբերգիսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիտվայի իշխանությունները հանդես են եկել ռուսների մուտքը ԵՄ երկրներ ամբողջությամբ արգելելու օգտին: