Իրաքը Թուրքիայից դարձյալ պահանջել է հանել զորքը
INTERNATIONAL NEWSԻրաքը դարձյալ Թուրքիային է դիմել` պահանջելով հանել զորքը երկրի հյուսիսային մասից, որտեղ զորավարժություններ են իրականացվում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Նշվում է, որ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին հայտնել է, որ Բաղդադը կշարունակի պնդել զորքերի խաղաղ դուրս բերումը, սակայն զգուշացրել է` «պատերազմի սպառնալիքի դեպքում մենք կպաշտպանենք մեր ինքնիշխանությունը, մեր քաղաքացիներին ու մեր ռեսուրսները»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի իշխանությունները մերժել են երկրի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաք Մոսուլի ազատագրման գործում թուրքական կողմի օգնությունը:
Դեկտեմբերի սկզբին Իրաքի իշխանությունները հայտնել են, որ քրդական ժողովրդական ջոկատների մարտիկներին մարզելու պատրվակով Թուրքիան 900 մարդուց բաղկացած ջոկատ է ուղարկել: Այդ կապակցությամբ Իրաքը ՄԱԿ-ին բողոք է ներկայացրել, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը դա «անազնիվ քայլ» է կոչել:



