Բայդենը հայտարարել է, որ Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ ԱՄՆ վարչակազմը դեմ է դրանց մասնակիցների նկատմամբ բռնության կիրառմանը։
Կալիֆոռնիա նահանգում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահն ուշադրություն է դարձրել ներկաներից մեկի ձեռքի պաստառին, որի վրա եղել է «Ազատություն Իրանին» գրությունը։
«Մենք, իսկապես, աջակցում ենք Իրանի քաղաքացիներին և խիզախ կանանց»,- ասել է Բայդենը։
Ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, և՛ կանայք, և՛ տղամարդիկ պետք է խոսքի ազատություն ու հավաքներ կազմակերպելու հնարավորություն ունենան։ Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում կանայք տարատեսակ հետապնդումների են ենթարկվում, մինչդեռ ոչ ոք չպետք է ասի նրանց, թե ինչ հագուստ կրեն։
Բայդենը կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել բռնությունը սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք պարզապես օգտվում են իրենց հիմնական իրավունքներից։
Նրա խոսքով՝ իրեն ապշեցրել է, թե ինչ ալիք է բարձրացել Իրանում ոստիկանական բաժանմունքում գլխաշորը սխալ կրելու պատճառով բերման ենթարկված Մահսա Ամինիի մահից հետո։
«Դրա պատճառով այնպիսի մի բան է արթնացել, որը, կարծում եմ, դեռ երկար ժամանակ չի խաղաղվի», - ասել է Բայդենը:
Հիշեցնենք, որ Իրանում սեպտեմբերի 17-իզ զանգվածային բողոքի ցույցեր են։ Դրանց պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից: Ակտիվիստների պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է:
Սրանք վերջին տարիների ընթացքում Իրանում ամենալուրջ բողոքի ակցիաներն են: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում ցուցարարները հարձակվում են ոստիկանների վրա, նրանցից մեկին գետնին գցում: Մեկ այլ տեսանյութում ցուցարարները պատռում են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս ղեկավարների պատկերներով պաստառները: