Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանի հաջորդ նպատակն Օլիմպիական խաղերն են
SPORTՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Բռնցքամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը Ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ խոսել է չեմպիոնական զգացողություններից, անցած ճանապարհից և նպատակներից:
«Նախապատրաստական շատ լավ փուլ էի անցել, անցկացրել էիք երեք ուսումնամարզական հավաք։ Այս տարվա աշխարհի առաջնությունից հետո շատ դասեր եմ քաղել` ձեռքիցս բաց թողնելով այդ մեդալը ու աշխարհի առաջնությունում հավատս էլ ավելի մեծացավ, որ կարող էի էլ ավելին անել, քան արեցի, իսկ այստեղ արդեն վերադարձրեցի այն ամենը, ինչը կորցրել էի նախորդ մրցաշարում»,-ասել է նա:
Հովսեփյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մարզչական շտաբին:
«Իհարկե իռլանդացի բռնցքամարտիկը ուղղակի նվեր չէր ու բավականին բարդ մրցակից էր, բայց կավելացնեմ այն, որ ռինգում իմ ցանկությունը ավելի մեծ էր հաղթելու ու պայքարելու, որովհետև ես շատ-շատ երկար էի սպասել այս պահին ու այս մեդալին: Եվրոպայի առաջնությունը արդեն պատմություն է։ Պետք է էլ ավելի լավ պատրաստվել ու զարգացնել այն հաջողությունը, որը ես ունեմ հիմա, ու հիմնականում իմ պլանները ու նպատակները կապված են Փարիզ 2024-ի հետ ու ես հուսով եմ, որ կլինեմ Օլիմպիական հավաքականում ու ինչու ոչ, նաև գլխավոր հավակնորդներից մեկը Օլիմպիական խաղերում»,- ընդգծել է նա:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհի Անի Հովսեփյանը 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։