«Պատվով եմ ներկայացնելու Հայաստանը և մեծ սիրով ընդունելու այլ երկրների ներկայացուցիչներին». այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» ներկայացուցիչ
LIFEՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հանրային հեռուստաընկերությունում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում հրապարակվել է մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող պատվիրակի անունը:
Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասները:
Հայաստանը ներկայացնելու է 14-ամյա երիտասարդ երգչուհի Նարե Ղազարյանը: Նարեն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից:
Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է և այն արդեն իրականություն է դառնում. «Երգը, պարը իմ օրվա անբաժան մասն են: Ես մեծանում եմ ոգեշնչվելով տաղանդավոր արտիստների ստեղծագործություններով: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել հենց այս տարի, երբ մրցույթն իմ երկիրն է հյուրընկալում: Ուրախ եմ, որ հանդիպելու եմ տարբեր երկրներից երեխաների իմ հայրենիքում` նրանց ցույց տալով Հայաստանն իր ամբողջ գունապնակով»:
Ասուլիսի ընթացքում երգչուհին նշել է, որ սովորել է Երգի պետական թատրոնում և ուսանել երգիչ և երգահան Գրիգոր Կյոկչյանի մոտ, որն էլ հանդիսանում է մրցութային երգի հեղինակը:
«Ամեն բան անելու եմ, որպեսզի պատվով ներկայացնեմ Հայաստանը: Անհամբեր սպասում եմ ելույթիս և հետագա ողջ ընթացքին: Սիրով նաև սպասում եմ այլ երկրների պատվիրակներին».- ասաց երգչուհին:
Նշենք, որ մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով: Պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրեցին խորհրդանիշի և բեմի մանրամասները.
«Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն եւ զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։ «Մանկական Եվրատեսիլի» կենտրոնական բեմը ևս խորհրդանշելու է հոլը, որը շրջապատված է պտույտն արտացոլող թելերով: Հոլից դուրս եկող թելերի գույները մեր դրոշի գույներով են` նեոանային տարբերակով։ Այդ թելերը շողալու են նաեւ բեմի վերևում` հանդիսատեսին եւ հեռուստադիտողին փոխանցելով յուրաքանչյուր ելույթի էներգիան»:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ներկա կլինեն 16 պատվիրակություն տարբեր երկրներից:
Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան