Իրանում ահաբեկչությունը համակարգողը Ադրբեջանի քաղաքացի էր
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարություն է արել Շիրազի Շահ Չերաղ սրբավայրում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։ MEHR գործակալության փոխանցմամբ՝ նախարարությունը հայտնել է, որ Իրանում ահաբեկչական գործողություններն ուղղորդող և համակարգող հիմնական օղակը Ադրբեջանի քաղաքացի է, ով երկիր է մտել օդային ճանապարհով՝ Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանից Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայան ժամանած ինքնաթիռով։
Նշվում է, որ ահաբեկչությունն իրականացնող բոլոր գործակալները նույնականացվել և ձերբակալվել են։ Նախարարությունը հաղորդում է, որ ձերբակալվել են նաև մի շարք այլ գործակալներ, որոնք Իրան էին մտել նման գործողություններ իրականացնելու համար։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 26 ահաբեկիչ։ Ձերբակալվածները Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։
Ինչ վերաբերում է Իրանում ահաբեկչական գործողությունները համակարգող Ադրբեջանի քաղաքացուն, ըստ նախարարության, Թեհրան ժամանելուն պես Աֆղանստանում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման օպերատիվ շտաբի միջոցով նա անմիջապես կապվել է խմբավորման օտարերկրացիների ցանցի հետ և նրանց հայտնել իր՝ Թեհրանում գտնվելու մասին։
Իրանի հետախուզության նախարարությունը նշում է նաև, որ Շիրազում տեղի ունեցած ահաբեչությանն աջակցող օղակը աֆղանցի էր, իսկ սրբավայրում հրաձիգը Տաջիկստանի քաղաքացի էր։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ սրբավայրում ահաբեկիչը կրակ էր բացել ուխտավորների ուղղությամբ։ Հրաձգության հետևանքով 15 մարդ էր սպանվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել էին։