Գնաճի հետ կապված խնդիր ունենք, բայց միջզգային զեկույցներում գրում են, որ Հայաստանում գնաճը տարածաշրջանում ամենացածրն է. վարչապետ
ECONOMICSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Կան մտահոգություններ, բայց կան նաեւ շուկայական իրողություններ. եթե պետությունն անհարկի միջամտություններ իրականացնի փոխարժեքի հետ կապված, դրանից մեր տնտեսությունը միայն կտուժի ու կկորցնի: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ դրամի արժեւորման պայմաններում արտահանող ոլորտները մեծ վնասներ են կրում:
«Մենք տեղյակ ենք այդ մտահոգություններին եւ մեր տնտեսական թիմը, այդ թվում ԿԲ փորձագետները, անընդհատ քննարկում ենք: Կարծում եմ՝ մենք վարում ենք ճիշտ տնտեսական քաղաքականություն, եւ այդ քաղաքականության արգասիք է այն աննախադեպ տնտեսական աճը, որ Հայաստանն ունի:
Բայց ես չեմ ասում, որ չպետք է լսենք գործարարների ահազանգերը: Մենք պետք է դրանք լսենք, վերլուծենք, եւ եթե կա օբյեկտիվ խնդիր, դրան պետք է արձագանքենք ճիշտ գործիքակազմերով: Որեւէ կերպ Հայաստանը փոխարժեքին եւ ԿԲ դրամավարկային քաղաքականությանը չպետք է խառնվի: Հակառակ դեպքում շուկայական տնտեսության համարումը կկորցնենք»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք քաղաքացիները կզգա՞ն այդ տնտեսական աճն իրենց մաշկի վրա, վարչապետը պատասխանեց. «Այսօր էլ քաղաքացիները այդ աճը զգում են: Իհարկե, գնաճի հետ կապված խնդիր ունենք, բայց արդեն միջզգային զեկույցներում գրում են, որ Հայաստանում գնաճը տարածաշրջանում ամենացածրն է կամ ցածրերից մեկն է»: